Հանդիպում Ջիվան Ավետիսյանի հետ, «Վերածնվածը» (REVIVAL) ֆիլմի մասին

Հանդիպում Ջիվան Ավետիսյանի հետ 2021 թվականի 9-ին ժամը 19:00 (GMT+1) 

Բազում միջազգային մրցանակների արժանացած հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն այժմ աշխատում է իր չորրորդ լիամետրաժ՝ «Վերածնվածը» ֆիլմի վրա:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ ադրբեջանական իշխանությունները, Թուրքիայի կողմից աջակցություն ստանալով և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավելով, սկսեցին Արցախի դեմ լայնամասշտաբ զինված ագրեսիա, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մեկնել էր Արցախ և պատերազմի ողջ ընթացքում տեղի հանրային հեռուստաընկերության կազմի հետ լինելով Արցախի տարբեր հատվածներում, նա լուսանկարել և տեսանկարահանել է բազմաթիվ կադրեր, որոնց մի մասն օգտագործելու է «Վերածնվածը» ֆիլմում։

Կինոնախագծի շուրջ աշխատանքները ռեժիսորը սկսել է դեռևս 2018 թվականից։ 2020 թվականին նա «Վերածնվածը» կինոնախագծով մասնակցել էր Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Բեռլինի տաղանդներ» ծրագրին, որի ընթացքում գերմանական միջազգային «Deutsche Welle» մեդիաընկերությունը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ էր ստեղծել նրա մասին:

«Վերածնվածը» ընդգրկվել էր նաև Կալիֆորնիայի «From the Heart Productions»-ի «Hot Films in the Making Category»:

ZOOM կապի միջոցով 2021 թվականին ապրիլի 9-ին, Գերմանիայի ժամանակով ժամը 19:00-ին (UTC+1) կկայանա հանդիպում Ջիվան Ավետիսյանի հետ, որի ընթացքում կինոռեժիսորը կխոսի «Վերածնվածը» ֆիլմի ստեղծման գաղափարի, սցենարի և իրականացվող աշխատանքների ընթացքի մասին: Հանդիպմանը հնարավորություն կլինի նաև հարցերով դիմել Ջիվան Ավետիսյանին:

Միջոցառումը տեղի է ունենալու հայերեն լեզվով: Մասնակցելու համար խնդրում ենք, մինչև ապրիլի 8-ը ներառյալ գրանցվել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով, նշելով մասնակցի անունը, ազգանունը և ներկայիս բնակության քաղաքը: Գրանցման նպատակով ուղարկված էլ. հասցեին ապրիլի 9-ի առավոտյան կուղարկվի ZOOM-ի տվյալները:

«Revival» ֆիլմը ֆեյսբուքում: https://www.facebook.com/revivalbyjivan  

«Revival» ֆիլմը Ինստագրամում: https://www.instagram.com/revivalbyjivan/

«Revival» ֆիլմը Թվիթերում: https://twitter.com/JivanAvetisyan

Ջիվան Ավետիսյանի նախորդ երկու՝ «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերը հասանելի են «Amazon Prime»-ում։

 

ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ջիվան Ավետիսյանը ծնվել է Գյումրիում, ապրել՝ Ստեփանակերտում, բնակվում է Երևանում։ 1998 թ. ավարտել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը: 1999-2001 թթ-ին անցել է ժամկետային  պարտադիր  զինվորական ծառայության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում։ 2002-07 թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1996-97 թթ․ աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, 1998-99 թթ` Ստեփանակերտի հեռուստատեսությունում` որպես լուսային ձևավորող, ապա` հեռուստահաղորդումների ռեժիսոր, 2003-09թթ` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես հեռուստա‎ֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր: 2009-2014 թ․ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես գլխավոր ռեժիսոր: Իսկ 2014 թ-ին հիմնել է   «ֆիշ  այ  Արթ»  մշակութային հիմնադրամը  և հանդիսանում  է  հիմնադրամի  տնօրենը։

Նկարահանել է երկու տասնյակի ավելի կարճամետրաժ, վավերագրական և երեք լիամետրաժ ֆիլմեր․ «Թևանիկ» (2014), «Վերջին բնակիչը» (2016), «Դրախտի դարպասը»։ Տարբեր տարիների ընթացքում ֆիլմերը ներկայացվել են Կաննի միջազգային  կինոշուկայում, ինչպես նաև միջազգային կինոփառատոններում ունեցել են մեծ  հաջողություններ, արժանանալով հեղինակավոր  մրցանակների։